Վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի քանի՞ շենք կա Հայաստանում. ԱԻՆ–ի պատասխանը

Վթարային շենք
Հայաստանի շենքերի և շինությունների 60%-ը սեյսմաանվտանգության տեսակետից համարվում է խոցելի, և դրանք կարող են վտանգ ներկայացնել ուժեղ երկրաշարժերի դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ըստ փորձագիտական գնահատականների` Հայաստանում կա վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք և վնասվածության 3-րդ աստիճանի 524 շենք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից նշում են` Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց է տվել, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից առաջ կառուցված շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր էր, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը։
«Սկսած 1989թ.–ից` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում։ Կատարվել են շենքերի և շինությունների մանրակրկիտ ուսումնասիրություններ, անձնագրավորում, վերականգնվել և ուժեղացվել են վնասված շենքերն ու շինությունները ըստ Խորհրդային Միության ժամանակավոր նորմերի և 1994թ. ՀՀ-ում հաստատված սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այնուամենայնիվ, ըստ փորձագիտական գնահատականների, այժմ գոյություն ունեցող շենքերի և շինությունների 60%-ը սեյսմաանվտանգության տեսակետից համարվում է խոցելի, և դրանք կարող են վտանգ ներկայացնել ուժեղ երկրաշարժերի դեպքում։
ԱԻՆ–ը վստահեցնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Գործադիր մարմինը մեծ թվով իրավական ակտեր և որոշումներ է ընդունել սեյսմիկ ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացները բարելավելու համար։ Դրանց թվում են Սեյսմիկ պաշտպանության մասին օրենքը, Փրկարար ծառայության մասին օրենքը, Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ցանկը հաստատելու մասին որոշումը, ինչպես նաև Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկերի նվազեցման համալիր ծրագրի մասին որոշումը։
ՀՀ կառավարության կողմից 2017թ. սեպտեմբերի 14–ին հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը։
Երկրաշարժի դեպքում վիճակն աղետալի կլինի. մասնագետները` անբարեխիղճ կառուցապատողների մասին