ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում ՀՀ –ի և ԱՄԷ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկել Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Քննարկվել են երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությանը և տնտեսության տարբեր ճյուղերում մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության` հանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։ Կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայում կայանալիք խոշորագույն «World Government Summit» գագաթնաժողովին։