ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից:
Հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:
Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Ըստ Վիգեն Սարգսյանի` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան` «առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»:
Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։
Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։