Միջազգային հանրությունն ակնհայտորեն արձագանքում է Լաչինի միջանցքի շրջափակմանը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ է սկսվել։ Էներգետիկ ճգնաժամի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել , և զուգահեռ ծավալվւմ է բնապահպանական ճգնաժամ։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով, որ գազամատակարարման ու էներգամատակարարման դադարեցման պայմաններում ԼՂ–ում ստիպված են բնակարանները տաքացնելու համար անտառներ հատել։
«Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ` ավարտին հասցնել ԼՂ–ի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,– ասաց Փաշինյանը` արձանագրելով, որ եթե մինչ այժմ միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում հայկական կողմի այս պնդմանը, հիմա դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
Որպես ասվածի ապացույց, Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվեց 2023թ–ի հունվարի 28-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ–ում հայերի ցեղասպանության սպառնալիքին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևորեց այդ ահազանգի հնչեցման ուղղությամբ ջանքերի շարունակականությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։