ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երկրաշարժի հետևանքով Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն է ուղարկվել` հաշվի առնելով առնելով երկրների կարիքները։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սիրիային ՀՀ–ն 30 և 25 տոննա օգնություն ուղարկվել, իսկ Թուրքիա ուղարկած միայն առաջին օգնությունը 100 տոննա էր։
«Օգնությունն ուղարկվել է ըստ նշված կարիքների. երկու երկրներին ընդհանուր 180 տոննա բեռ է ուղարկվել»,–ասաց Փամբուխչյանը։
Նա չհայտնեց, թե երեկ Թուրքիա հասած բեռը մոտ քանի տոննա է եղել։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ։
Փամբուխչյանը նշեց, որ երկու երկրներ ուղարկված հայ փրկարարներն ավարտել են իրենց աշխատանքները։
Իսկ հարցին, թե որևէ ակնկալիք ունե՞ն Թուրքիայից, որ մարդասիրական օգնություններից հետո կփոխի ՀՀ–ի նկատմամբ վերաբերմունքը` նա պատասխանեց, թե ՀՀ–ն իր մարդասիրական գործառույթներն է անում, մնացածի մասով ոչինչ ասել չի կարող։
Մեկ այլ հարցի, թե ԱԻՆ–ի միջոցով արդյո՞ք շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն ուղարկել են` Փամբուխչյանը պատասխանեց, որ ոչ։ Նա, սակայն, հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։