ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել երկու երկրների միջև առկա լարվածությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասուլիսի ժամանակ։
«Երկու երկրներին` Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև տարածաշրջանին մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել։ Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի նորից ընթանան կայուն խաղաղության ուղով»,–ասել է նա։
Փրայսի խոսքով` ԱՄՆ–ն ներգրավված է եղել այդ ջանքերում` ինչպես երկկողմանի հարաբերությունների տեսքով, այնպես էլ բազմակողմանի։ Նա հավելել է, որ կշարունակեն հնարավոր ամեն բան անել թե՛ անմիջապես կողմերի հետ, թե՛ այլ կառույցների միջոցով կփորձեն վերոհիշյալ նպատակն առաջ մղել:
Փրայսը հույս ունի, որ մյուս երկրները նույնպես այս ուղերձով առաջ կշարժվեն։
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցին, Փրայսը նշել է, որ ԱՄՆ–ն ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք երկրաշարժերից հետո կանգնել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի ժողովրդի կողքին:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15–ին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: