ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։
Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»` հավելելով, որ կենտրոնը հյուրընկալել է ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ։
«Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում ՀԱՓԿ-ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության»,- նշել է Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին:
ՀԱՓԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԻԻՀ միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
կենտրոնը հյուրընկալել է ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին
Նշվում է, որ հյուրերն այցելել են ՀԱՓԿ-ի ուսումնական կենտրոն, ծանոթացել գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է Իրանի հակաականային միջազգային ուսումնական կենտրոնում ՀԱՓԿ մասնագետների վերապատրաստման հնարավորությունը: