ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության հաստատման պայմանագրի իր նոր առաջարկները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդ առաջարկները փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն` առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը` մեր առաջարկներով։ Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ` ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել։
Նա նշեց, թե հասկանալի է` փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և հույս ունեն, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։
«Մեր տեսլականը հետևյալն է` փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերափոխվի պատերազմի` արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հնարավոր է, այլ հակառակը, իսկապես տևական խաղաղություն նշանակի»,–ասաց վարչապետը։
Նա հավելեց, որ խաղաղության հաստատման այս պայմանագիրը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա. այսպիսի պայմանագիր ունենալն օր առաջ իր և կառավարության հանձնառությունն է։ Փաշինյանը նշեց, թե պատրաստ է վերցնել և կրել նման պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։