Հանդիպում ՔՊ–ում. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու իր կուսակիցները փակ դռների հետևում

ՔՊ–ականները հանդիպման ընթացքում հարցեր են ուղղել Փաշինյանին, ինչպես նաև հայտնել են իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը բացի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի շարք հարցերից, անդրադարձել է նաև այլ հարցերի։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հանդիպման օրակարգում հիմնականում եղել են հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը։ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ փուլում են բանակցությունները, ինչի շուրջ է բանակցում Հայաստանը։
«ՔՊ–ականները Փաշինյանի հետ քննարկել են, մասնավորապես, Ադրբեջանի վերջերս փոխանցած առաջարկները` խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, Փաշինյանից հետաքրքրվել են` ինչ դիրքորոշում ունի նա դրա հետ կապված, ՔՊ–ականները նաև իրենց տեսակետներն են հայտնել»,– հայտնում է թերթը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
ՔՊ–ականները, ըստ «Ժողովուրդ»–ի, այս առումով մեծ ակնկալիքներ ունեն հատկապես Արարատ Միրզոյանի` փետրվարի 15-ին Թուրքիա կատարած այցից։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15–ին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հավելենք, որ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ Ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։