ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157 816 100 դրամ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Մարդասիրական օգնության համար նախատեսված գումարը տրամադրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի:
Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
Երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանը շուրջ 200 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել` սնունդ, հագուստ, դեղորայք։