Չավուշօղլուն մտադիր է Բլինկենի հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն Անկարա կայցելի փետրվարի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մտադիր է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը, իրադրությունն Ուկրաինայում և երկկողմ օրակարգը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը փետրվարի 16-22-ը կայցելի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան, կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:
Ինչպես նշել է Չավուշօղլուն, սպասվում է, որ Բլինկենն Անկարա կժամանի երկուշաբթի՝ փետրվարի 20-ին։ Այցի շրջանակներում կկայանան նրանց երկկողմ բանակցությունները։
«Գլխավոր թեման, իհարկե, Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքների վերացումն է։ Այլ թեմաների թվում նախատեսում ենք քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը, Ուկրաինայի իրադրությունը և երկկողմ օրակարգի հարցերը»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս։