ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների, բջջային հեռախոսների և մարտկոցների փոխանցումը, որը կատարվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Դեպքը եղել է 2023թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում։ ՔԿՀ ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառավարող անօդաչու սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7․55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառավարվող սարքի բարձր լինելու պատճառով։
Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։