ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)»,–գրել է նա։
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Հավելենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։