Ամերիկացի տիեզերագնացը հրաժարվել է մեկնել Ադրբեջան ՀՀ–ի նկատմամբ ագրեսիայի պատճառով

Նա նշել է, որ Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում նախատեսված Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2- 6-ը Բաքվում։ Նա իր որոշման մասին գրել է թվիթերյան էջում։
«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում։ Մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է և Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում դուք եք գնալ, խնդրում եմ` վերանայեք ձեր որոշումը»,- նշել է նա։
Տիեզերագնացը հիշեցրել է` Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին, դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: