Զինծառայողը վիրավորվել է ուսի շրջանում. քրգործ է հարուցվել

Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
Ադրբեջանցի զինծառայողը թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ է կրակոց արձակել ՀՀ ՊՆ մարտական հենակետի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից փետրվարի 14-ին մարտական հենակետում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
Երեկ ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն։
«Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Պ․-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում»,–գրել է նա։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողն ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ է կրակոց արձակել ՀՀ ՊՆ մարտական հենակետի ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության հատկանիշներով) 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։