ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող թթվասեր արտադրատեսակը համապատասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, և արտադրությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Աբովյան քաղաքում գտնվող «Թամարա» ՍՊԸ-ի թթվասերի արտադրությունը կասեցվել էր փետրվարի 6–ին։ ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում առկա արտադրատեսակներից լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել էին, որ թթվասեր արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։