Շիրակում աճել են բոլոր տեսակի հանցագործությունները. Վարդապետյանն այցելել է մարզեր

Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի և Լոռու մարզեր
Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Նախորդ տարի Շիրակի մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է հայտնել այդ մասին։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ գլխավոր դատախազն այցելել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններ՝ ամփոփելու 2022թ. գործունեության արդյունքները։
Նշվում է, որ 2022թ. հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021-ի համեմատ՝ բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով):
Նախորդ տարի Շիրակում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021-ի ցուցանիշից։ Բացի այդ, 2022-ին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել):
2022-ի ընթացքում Շիրակի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել 6 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ):
«Աննա Վարդապետյանը զեկույցում ներկայացված ուղղությունների և ցուցանիշների կապակցությամբ տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Լոռու մարզին, ապա նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման 20 հայց է ներկայացվել դատարան` բռնագանձման գումարի չափը՝ 91 մլն 909 000 դրամ:
Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի և Լոռու մարզեր
2022 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններում կատարվել է 112 ստուգում և վերստուգում, 254 ուսումնասիրություն և 86 ամփոփում: Արդյունքում՝ հայտնաբերվել է 157 խախտման դեպք, որոնցով դատախազների հանձնարարությունների հիման վրա նախապատրաստվել է 58 նյութ. դրանցից 39-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 19-ով հարուցվել է քրեական գործ։ Բացի այդ, 2022-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով սկսվել է 156 ուսումնասիրություն, հայտնաբերվել է խախտումների 16 փաստ։
Անդրադառնալով Լոռու մարզում առկա բնապահպանական հանցագործություններին, մասնավորապես՝ պետությանն էական վնաս պատճառող ապօրինի անտառահատումներին՝ Վարդապետյանը հանձնարարել է քննված վարույթների հիման վրա ներկայացնել առաջարկությունների փաթեթ։