Սաակաշվիլին ինքնուրույն տեղաշարժվում է հիվանդասենյակում և ոչ մի անգամ չի ընկնում. կադրեր

Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հորդորում է դադարեցնել շահարկումները։
Sputnik
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը նոր կադրեր է հրապարակել, որոնցում երևում է երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն ինքնուրույն տեղաշարժվում է հիվանդասենյակում։
Ավելի վաղ սոցցանցերը և նույնիսկ ամերիկյան CNN-ը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի կադրեր էին տարածել, որոնցում Սաաակաշվիլին ընկնում էր և չէր կարողանում ինքնուրույն բարձրանալ։
Եվ ահա հատուկ քրեակատարողական ծառայությունը 2022 թվականի դեկտեմբերի և 2023 թվականի փետրվարի կադրեր է հրապարակել, որոնցում Սաակաշվիլին քայլում է, շփվում բժշկի հետ, երբեմն դիմում քայլակի օգնությանը։
Կառույցը կոչ է արել դադարեցնել թեմայի շուրջ շահարկումները եւ մոլորության մեջ գցող հատվածական տեղեկություններ չտարածել։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։
Սաակաշվիլին բանտախցում ընդհանուր առմամբ կես տարի էլ չի անցկացրել. նա տեղափոխվել է բանտի կլինիկա, հետո զինվորական հոսպիտալ, իսկ հիմա «Վիվամեդի» կլինիկայում է։ Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժեց Սաակաշվիլիին ազատել պատժից առողջական վիճակի պատճառով։