Միրզոյանը պատմել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման ընթացքի մասին. Չավուշօղլու

Չավուշօղլուն ավելացրել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հայտնել է Երևանի և Բաքվի բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հեռանկարների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել է Չավուշօղլուն Անկարայում իր հայ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իմ գործընկերը (Միրզոյանը,–խմբ.) տեղեկացրել է ինձ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Դրանք շարունակվում են։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա օգուտ կբերի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար», - ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նաև նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում հետագա քայլերը։
Մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք. Միրզոյանը` Անթալիայում
Նրա խոսքով՝ շարունակվում է Հայաստանի ու Թուրքիայի սահմանին անցակետի նախապատրաստումը. վերանորոգվում են այնտեղ տանող ճանապարհներն ու կամուրջները:
Նշենք, որ ասուլիսը հեռարձակվել է թուրք նախարարի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ Ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։
Հավելենք, որ Անկարայում Միրզոյանի և Չավուշօղլուի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո էլ նախարարները հանդես են եկել հայտարարություններով։