ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։ Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին ասել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակացություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
«Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ մեր նախարարն էլ (Մևլութ Չավուշօղլուն,–խմբ.) ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդելու վերաբերյալ։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավոր ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ասել է Քըլըչը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։