Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը

Հայ–թուրքական սահման
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ պայմանավորվել են հոգ տանել ենթակառուցվածքների մասին` սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Չավուշօղլուի հետ այսօր քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, պայմանավորվել ենք հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին` սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,–ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ ևս մեկ անգամ ցանկանում է վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունն ու ձգտումը։
Նշենք, որ Անիի պատմական կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։