«Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին». Սերդար Քըլըչ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի հետ բանակցությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ (12 մարտի, 2022թ). Անթալիա. Արխիվային լուսանկար
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրներին կապում է ընդհանուր ճակատագիրը, որը ձևավորել են տառապանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին դիմավորելուց հետո Twitter–ի իր էջում գրառում է կատարել։
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այդ ճակատագիրը ձևավորում են տառապանքները։ Տարածաշրջանի երկրների միջև ցուցաբերած մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այդ տառապանքները մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, Հայաստանն էլ առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,– գրել է Քըլըչը։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա այցելած հայկական պատվիրակությանը դիմավորել է հենց Քըլըչը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։