Գերմանիայի ոստիկանները պարեկային ծառայություն կիրականացնեն հայ–ադրբեջանական սահմանին

Արխիվային լուսանկար
Անզեն իրավապահները կկարողանան պարեկային ծառայություն իրականացնել սահմանին` Հայաստանի կողմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության 15 ոստիկան կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման միջազգային առաքելությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբենշտրայտին։
Նշվում է, որ անզեն իրավապահները սահմանին պարեկային ծառայություն կիրականացնեն Հայաստանի կողմից։
«Դաշնային կառավարությունը որոշում է կայացրել, որ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով Գերմանիան կմասնակցի Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA)»,– հայտարարել է Հեբենշտրայտը։
Նա հստակեցրել է, որ EUMA–ի առաքելությանն ամենաշատը 15 գերմանացի իրավապահպան կմասնակցի, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարբեր երկրներից մասնակից ոստիկանների թիվը կլինի 100։
«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– նշել է նա։
EUMA առաքելությունն իր գործունեությունը կսկսի փետվարի 20-ին։ Դրա նպատակն է անզեն պարեկների օգնությամբ հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանն աշխատում է խաղաղության պայմանագրի տեքստի վրա և շուտով կարող է իր տարբերակը փոխանցել Բաքվին:
ՀՀ–ն ՌԴ գործընկերների հետ քննարկում է բոլոր խնդիրները. Գրիգորյանը` ԵՄ առաքելության մասին