Եռամսյա հավաքներին զորակոչված 6 զինծառայող ինքնակամ լքել է մարտական դիրքերը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայող 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն) նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ արարքը կատարողը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Վարույթի նյութերն ըստ էության քննելու համար ուղարկվել են դատարան: