ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը 2023 թվականի փետրվարի 15-ին պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը
© Photo : official site of MESCS of RA
Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասք (շաքարաման և վեց բաժակակալ):
«Հաշվի առնելով իրեղեն ապացույցների պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»,– ասել է Վարդապետյանը։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ գնահատելի նախաձեռնության և արժեքներն իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
© Photo : official site of MESCS of RA
«Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են սրտացավությունը, և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝ մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով»,- ասել է Անդրեասյանը:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը:
2022–ի տարեվերջին կառավարության որոշմամբ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էլ կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: Նա ընդգծել է, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում։
Ցուցահանդեսը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված, մշակութային արժեք հանդիսացող արծաթե 26 իր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին: