Չավուշօղլուն երկրաշարժերից հետո Միրզոյանի այցն Անկարա նշանակալի է համարել

Երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշանակալի է համարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա աղետալի երկրաշարժերից հետո, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս այցի համար։ Կարծում եմ, որ այն կարևոր է։ Հայաստանը մեզ բարեկամության ձեռք մեկնեց նման բարդ պահին»,–հայտարարել է Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հավելենք, որ մինչև ասուլիսը տեղի ունեցած առանձնազրոյցի ժամանակ էլ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր քայլերը, պայմանավորվել արագացնել դրանք։
Չավուշօղլուն, ի դեպ, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի, ինչը, նրա խոսքով, բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
Սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ Ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։
Հավելենք, որ Անկարայում Միրզոյանի և Չավուշօղլուի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո էլ նախարարները հանդես են եկել հայտարարություններով։