«Անթերի աշխատանք ենք կատարել». Միրզոյանն Ադիյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ

Ադիյամանում աշխատող փրկարարական ջոկատի ղեկավարն ասել է, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադիյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ադիյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ, հայտնում է «Արմենպրեսը»։
Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար
«Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասել է Ադիյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանը` հավելելով, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադիյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել:
Նա հավելել է, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, ինչպես նաև փլատակներից դիեր են դուրս բերել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի:
Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։