ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին իր խնդիրն է համարում Ուկրաինային տալ անհրաժեշտ ամեն ինչ` սպասվող գարնանային հակահարձակման ընթացքում «վճռական» հաջողության հասնելու համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա վստահություն է հայտնել, որ ուկրաինացիները «նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելու և հետագայում այն զարգացնելու իսկապես լավ հնարավորություններ» ունեն։
«Մեր խնդիրն է Ուկրաինային լրացուցիչ հնարավորություններ ընձեռել, որպեսզի նրանք ոչ թե հարաբերական, այլ վճռական հաջողություն ունենան մարտի դաշտում իրենց առաջիկա հարձակման ժամանակ»,-ասել է Օսթինը` հիշատակելով, մասնավորապես, Ուկրաինային ամերիկյան Bradley ՀՄՄ-ների խոշոր խմբաքանակի փոխանցումը։
Նա ընդգծել է, որ դաշնակիցները փորձում են ուկրաինացի զինվորականներին ոչ միայն «հարթակներ», այլև նոր հնարավորություններ տալ, և այդ նպատակով նրանց կսովորեցնեն աշխատել փոխանցվող յուրաքանչյուր տեսակի սպառազինության հետ։
«Լրացուցիչ հնարավորություններով, ավելի պատրաստված զորքերով, հարթակներով նրանք կարող են գոյություն ունեցող պայմաններում իրենց շատ ավելի լավ դրսևորել: Ես կարծում եմ, որ նրանք իսկապես լավ շանսեր ունեն զգալիորեն փոխել իրավիճակը մարտի դաշտում, վերցնել նախաձեռնությունը և հետագայում կարողանալ զարգացնել այն»,-ասել է Օսթինը։
Նա պնդում է, որ Ռուսաստանը շարունակում է մարտի մեջ խոշոր լրացուցիչ ուժեր մտցնել։ «Մենք, հավանաբար, կշարունակենք դա դիտարկել։ Դա է նրանց ուժը: Նրանք շատ մարդիկ ունեն»,-ասել է Օսթինը։
Նա պնդում է, որ Ռուսաստանը շարունակում է մարտի մեջ խոշոր լրացուցիչ ուժեր մտցնել։ «Մենք, հավանաբար, կշարունակենք դա դիտարկել։ Դա է նրանց ուժը: Նրանք շատ մարդիկ ունեն»,-ասել է Օսթինը։
Ավելի վաղ ՌԴ-ն բոլոր երկրներին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, նոտա էր հղել Ուկրաինային զենքի մատակարարումների պատճառով։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։