Այվազովսկին գիտե՞ր, որ ուկրաինացի է. ամերիկյան թանգարանը փոխում է ազգությունները

«Քրիստոսն ու աշակերտները». Հովհաննես Այվազովսկի
Եկեք անկեղծ լինենք։ Երբ հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը մոտ երեք տարի առաջ «Սոթբիս» աճուրդում վաճառվեց ավելի քան երկու միլիոն ֆունտ ստեռլինգով, որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ հեղինակը «ուկրաինական» է։
Sputnik
Բայց եթե հիմա բացեք Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի կայքը, զարմանքով կհայտնաբերեք, որ Այվազովսկին, այո′, «ուկրաինական նկարիչ է»։ Ընդ որում, թանգարանի ղեկավարությունը բացարձակ որևէ հիմնավորում չի ներկայացրել, որպեսզի գոնե հասկանանք, թե ինչու հանկարծ այս տարի Այվազովսկին անսպասելիորեն դարձավ «ուկրաինացի»։
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի կայքում Հովհաննես Այվազովսկին ներկայացված է որպես ուկրաինացի նկարիչ
Մի կողմ թողնենք այն արտառոց հանգամանքը, որ թանգարանն իրեն իրավունք է վերապահել որոշելու մարդու ազգային պատկանելությունը։ Ավելի կարևոր հարց կա։ Մասնագետները հիմնականում միակարծիք են՝ եթե ուզում եք հասկանալ, թե որ ազգի ներկայացուցչի մասին է խոսքը, պետք է հաշվի առնեք երեք գործոն՝ ծագումը, քաղաքացիությունը և ամենակարևորը՝ մարդն ինքն իրեն ո՞ր ազգին է դասում։ Ընդ որում, այս վերջինը վճռորոշ է։
Հիմա տեսեք։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Գևորգ և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները հայեր էին, որոնք 17-րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Այսինքն՝ ծովանկարիչը ծագումով հայ է։
Նա ծնվել և մեծացել է Ղրիմում, որը Ռուսական կայսրության մասն էր, և մահացել է 1900 թվականին, այնինչ, Ղրիմը Ուկրաինային է փոխանցվել ավելի քան կես դար անց՝ 1954 թվականին։ Եվ վերջապես, որևէ փաստաթուղթ կամ գոնե կարճ գրառում չկա, որը վկայեր, թե Այվազովսկին իրեն ուկրաինացի է զգում։ Լրիվ հակառակը։ Ինչպես նշում է փորձագետ Անտոն Կուզնեցովը, «Այվազովսկին խոսում էր միայն հայերեն ու ռուսերեն և երբեք չի ակնարկել, թե ինչ-որ կերպ կապված է Ուկրաինայի և ուկրաինական մշակույթի հետ»,- փաստում է փորձագետն՝ ավելացնելով. «Գիտե՞ք սա ինչին է նման։ Եթե օրինակ, մոնղոլներին ուկրաինացի անվանեինք՝ հիմնվելով միայն այն փաստի վրա, որ Ոսկե հորդայի ժամանակներում մոնղոլներն օկուպացրել էին ժամանակակից Ղրիմի տարածքը»։
Իհարկե, կարող ենք մխիթարվել նրանով, որ Հովհաննես Այվազովսկին «Մետրոպոլիտենի» կամայականությունից տուժած միակ հայտնի նկարիչը չէ. նրա ճակատագիրը կիսել են Իլյա Ռեպինը, Արխիպ Կուինջին և Կազիմիր Մալևիչը, որոնք նույնպես այդ թանգարանի ղեկավարության թեթև ձեռքով «ուկրաինացի» են դարձել։ Մալևիչի ժառանգներից մեկը՝ Իվոնա Մալևիչը, արդեն նամակ է գրել նյույորքյան թանգարանին, տեղեկացնելով. «Կազիմիր Մալևիչը ուկրաինացի չի եղել, նա ծնվել է Կիևում լեհ ազնվականի ընտանիքում, որը հայտնի է եղել դեռ 16-րդ դարից։ Ուղղակի հայրն այն ժամանակ աշխատանքի էր գործուղվել Կիև»։
Ինչ վերաբերում է Իլյա Ռեպինին, ապա արվեստի պատմության դոկտոր Օլգա Կալուգինան բացատրում է. «Ռուս հայտնի նկարչի միակ «ուկրաինական» առնչությունն այն է, որ նա ծնվել է Ռուսաստանյան կայսրության Խարկովի նահանգում,որտեղ դեռ կոմս Արակչեևի հրամանով ռազմական ավան էր հիմնված։ Հենց այնտեղ էլ որպես պրոֆեսիոնալ զինվորական ծառայում էր գեղանկարչի հայրը։ Ուրիշ որևէ կապ Ուկրաինայի հետ Իլյա Ռեպինը երբեք չի ունեցել»,- գրում է Կալուգինան։ Մեկնաբաններից մեկն այս առիթով հեգնել է. «Եթե այդպես է, եկեք ռուս համարենք նաև գերմանացի ամենահայտնի փիլիսոփաներից մեկին՝ Իմանուիլ Կանտին։ Չէ՞ որ նա ծնվել է Պրուսիայի Քյոնիգսբերգ քաղաքում, այսինքն այժմվա Կալինինգրադում, որը հիմա Ռուսաստանի կազմում է»։
Ինչևէ, իրողությունն այն է, որ տարբեր ազգության արվեստագետների և նրանց ստեղծագործությունների, այսպես ասած, «ուկրաինացումը» բոլորովին նոր չի սկսվել։ Դեռ անցած տարվա գարնանը Լոնդոնի պետական պատկերասրահը փոխեց ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի կտավներից մեկի անվանումը։ Տասնամյակներ շարունակ նկարը կոչվում էր «Ռուս պարուհիները», ապրիլից պարուհիները դարձան ուկրաինացի։ Պատկերասրահի տնօրինության բացատրությունը սա էր, մեջբերեմ. «Այս նկարի անվանումը վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի մեծ ուշադրության է արժանացել ստեղծված իրավիճակի պատճառով, ուստի մենք հարմար պահ ենք համարել թարմացնելու կտավի վերնագիրը»։
Ուզո՞ւմ եք գոյատևել միջուկային աղետից հետո. գնացեք Ավստրալիա, և վե՛րջ
Համաձայնե′ք, բավական հետաքրքիր է՝ այսինքն, ցանկացած նկար կարելի է վերանվանել այն նույն պատճառաբանությամբ, որը ժամանակին սիրում էին վկայակոչել Հայաստանի նոր իշխանությունները.
«Իրավիճակ է փոխվել»։ Չար լեզուները, սակայն, պնդում են՝ հիմնական պատճառն այն է, որ այդ պարող աղջիկների մազերին հյուսված են Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխանող դեղին և կապույտ ժապավեններ: Բայց հիշենք, որ Էդգար Դեգան շատ ավելի հայտնի կտավ ունի, որը կոչվում է «Երկնագույն պարուհիները»։ Իսկ երկնագույնը Բոտսվանայի պետական դրոշի գույնն է։ Եվ ուրեմն չի բացառվում, որ վաղը աֆրիկյան այդ երկրի իշխանությունները պահանջեն անմիջապես փոխել Դեգայի նկարի անունը և անվանել այն «Բոտսվանացի պարուհիները»։