Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Գազօջախ
Առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը` հղում անելով «Արցախգազ» ընկերությանը։

«Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։