ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, որը մասնակիորեն վերականգնվել էր մի քանի ժամ առաջ։
Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։