Ուզո՞ւմ եք գոյատևել միջուկային աղետից հետո. գնացեք Ավստրալիա, և վե՛րջ

Սիդնեյ
Եկեք անկեղծ լինենք։ Երևի նույնիսկ 60-ականների Կարիբյան ճգնաժամի օրերին այնքան չէր խոսվում միջուկային վերահաս աղետի հնարավորության մասին, որքան հիմա, երբ ողջ աշխարհը տագնապով հետևում է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։
Sputnik
Ճիշտ է, հենց Կարիբյան ճգնաժամն էլ ապացուցեց, որ այնուամենայնիվ հնարավոր է խուսափել վատթարագույնից, բայց այն օրերից գրեթե 60 տարի է անցել, աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և այսօր նույնիսկ մասնագետները երբեմն տրամագծորեն միմյանցից տարբերվող կարծիքներ են արտահայտում այն հարցի շուրջ, թե ինչ կլինի, եթե հզոր տերությունները միմյանց դեմ միջուկային զենք կիրառեն։ Ոմանք համոզված պնդում են՝ դա կլինի մարդկության վերջը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ աշխարհը չի քանդվի։
Ապոկալիպտիկ սցենարի ջատագովները հիմնավորում են՝ նշանակություն չունի, թե քանի մարդ անմիջականորեն կզոհվի միջուկային ռումբերի պայթյունից, միևնույն է, ռադիոակտիվ նյութերը և մոխիրը կտարածվեն աշխարհով մեկ, և մարդկությունը մի քանի ամսվա ընթացքում կոչնչանա հիվանդությունների և սննդի ու մաքուր ջրի բացակայության պատճառով։ Բայց կան նաև, եթե կարելի է այսպես ասել, ավելի լավատեսական կանխատեսումներ, որոնց հեղինակները փաստում են՝ մի ժամանակ հզոր տերությունները հսկայական քանակությամբ միջուկային զենք ունեին՝ մոտ 60 հազար մարտագլխիկ։
Տարիների ընթացքում բազմաթիվ համաձայնագրեր են կնքվել, ինչի արդյունքում այդ մարտագլխիկների քանակը խիստ սահմանափակվել է և հիմա չի գերազանցում 15 հազարը։ Իսկ դա պարզապես բավարար չէ աշխարհի ողջ բնակչությունը բնաջնջելու համար։ Այսինքն` նույնիսկ միջուկային պատերազմից հետո մեր մոլորակում կմնան պետություններ, որտեղ կյանքը կշարունակվի բնական հունով։ Որո՞նք են այդ երկրները։
Risk Analysis միջազգային հանդեսի մասնագետներն օրերս հրապարակել են, այսպես ասած, առավել միջուկադիմացկուն պետությունների ցանկը։ Հիմնական չափանիշներն ակնհայտ են՝ ինքնաբավ էներգետիկա, պարենային պատկառելի պաշարներ, քաղաքական կայունություն, բայց ամենագլխավորը՝ այդ պետությունները պետք է հեռու լինեն շառից, այսինքն պատերազմի թատերաբեմից։ Շրջանցենք ցանկի չորրորդ տեղում գտնվող Սողոմոնյան կղզիները. համոզված եմ, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը չգիտի էլ, թե ինչպես է կոչվում այդ երկրի մայրաքաղաքը։ Խոստովանեմ՝ ես էլ մինչև վերջերս չգիտեի, որ այն կոչվում է Հոնիարա։
Չեմ ուզում խոսել նաև հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Վանուատուի մասին, թեև տեղական լեզվով «վանուա» նշանակում է երկիր, իսկ «տու»-ն մնալն է, այսինքն` Վանուատուն այն տեղն է, ուր կարելի է գնալ ու մնալ։ Բայց նախ, շատ հեռու է՝ Խաղաղ օվկիանոսում, և հետո՝ բոլոր աղբյուրները պնդում են, որ մինչև վերջերս այնտեղ պահպանվում էր կանիբալիզմը։ Էնպես որ, ավելի լավ է գնաք հետմիջուկային անվտանգության ցանկի երրորդ տեղում գտնվող Իսլանդիա։
Համաձայնե՛ք, հոգեհարազատ երկիր է։ Նույնիսկ մեր թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ այն նույն «դմփ-դմփ- հու»-ի հնչյունների ներքո, որով իսլանդացի ֆուտբոլասերները ոգևորում են իրենց հավաքականի խաղացողներին։ Իսլանդիայի հարավարևմուտքում նաև մի քաղաք կա, որի անվանման մեջ ակնհայտորեն զգացվում են հայկական արմատները՝ Քեֆլավիկ։ Չեմ եղել, բայց կարող եմ ենթադրել, որ այդ քաղաքի բնակիչների քեֆը հաստատ տեղն է։ Ընդամենը մի թերություն ունի Իսլանդիան՝ ախր այնուամենայնիվ եվրոպական երկիր է, ավելին՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Բա որ իսկապես մի բան պատահի՞։ Եվ ուրեմն ամենևին պատահական չէ, որ միջուկային անվտանգության տեսակետից մասնագետները նախապատվությունը տալիս են Նոր Զելանդիային և Ավստրալիային։
Այս երկու երկրներն էլ հարավային կիսագնդում են գտնվում, ոչ մի պետության հետ ընդհանուր սահման չունեն և գրեթե ամեն ինչով ապահովված են։ Ճիշտ է, Ավստրալիայում ծիրան չի աճում, բայց փոխարենը, երբ մի անգամ Սիդնեյում ծառից մանգո պոկեցի ու կերա, միանգամից հասկացա, որ Հայաստանի շուկաներում և սուպերմարկետներում վաճառվողը պարզապես մանգոյի տնազ է։ Ինչ վերաբերում է Նոր Զելանդիային, ապա Վելինգտոնի համալսարանի պրոֆեսոր Նիք Ուիլսոնը փաստում է. «Նույնիսկ վատթարագույն սցենարի դեպքում, եթե բերքատվությունը նվազի ավելի քան 60 տոկոսով, մենք պարենի պրոբլեմ չենք ունենա»։
Ու այնուամենայնիվ, մասնագետները պնդում են՝ միջուկային ձմեռը բարեհաջող անցկացնելու տեսակետից լավագույն պետությունը Ավստրալիան է։ Էներգիայի ավելցուկ և զարգացած ենթակառուցվածք ունի, ինքնաբավ է, բայց ամենակարևորը՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արդեն ապացուցել է, որ բավական արդյունավետ է դիմակայում դրսի մարտահրավերներին։ Բոլորն ընդունում են, որ այդ գործում մեծ դեր է խաղացել Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի նախկին վարչապետ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը։ Ճիշտ է, ի վերջո այդ կինը ստիպված եղավ հրաժարական տալ։ Դե ինչ, հայազգի վարչապետներն էլ են հրաժարական տալիս։ Բայց Ավստրալիայում։
Արևմուտքը կարող է Ուկրաինայում միջուկային զենքով սադրել և մեղադրել ՌԴ–ին. «Ռոսէներգոատոմ»