ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 35 418 մարդ, այս աղետը ամենաավերիչն էր երկրի պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայի աղետների կառավարման կենտրոնում (AFAD):
«Թող խաղաղ հանգչեն այս աղետի ժամանակ զոհված իմ 35 418 քաղաքացիների հոգիները», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։