Թուրքիայի իշխող կուսակցությունը ընտրությունների տեղափոխման հարց դեռ չի քննարկում. Յավուզ

Ընդդիմադիր 6 կուսակցությունների կոալիցիան դեռ իր թեկնածուի անունը չի հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխաղ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկա պահին համապետական ընտրությունների տեղափոխման հարց չի քննարկում, այն զբաղված է երկրաշարժի հետևանքների վերացմամբ։ Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։
Ավելի վաղ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ համապետական (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։ Թուրքիայի առաջնորդը հայտնել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընդունել այդ օրը, իսկ մերժում ստանալու դեպքում կկիրառի նախագահի լիազորությունները, որոնք բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանից հետո 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։ Էրդողանը հանդես է գալու որպես «Հանրապետության միության» թեկնածու։ Ընդդիմադիր 6 կուսակցությունների կոալիցիան դեռ իր թեկնածուի անունը չի հայտարարել։
«Հիմա զբաղված ենք կյանքեր փրկելով։ Մինչ այժմ ընտրությունների հետ կապված որևէ բանի մասին չենք խոսել, նույնիսկ հպանցիկ։ Ամոթ կլիներ այդ մասին խոսելը։ Բոլորս աղետի գոտում ենք գտնվում։ Այդ մասին աղետի թեժ պահին խոսելն անհեթեթ է, դա վիրավորական է մեր զոհերի հիշատակի նկատմամբ։ Նրանք, ովքեր այդ մասին խոսում են, փորձում են շփոթեցնել մարդկանց», – Յավուզի խոսքերն է մեջբերում Hürriyet թերթը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ