ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում քիչ առաջ հանդիպում է ունեցել կուսակիցների հետ, պատգամավորները ներկա չեն եղել, հայտնում է news.am–ը։
«Թե ինչ է քննարկել նա կուսակցության գրասենյակում, հայտնի չէ: Քննարկումը տևել է մոտ մեկ ժամ»,–հայտնում է կայքը։
Լրատվամիջոցը հարց է ուղղել քննարկումից դուրս եկած Փաշինյանին, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ինչ առաջարկներ է փոխանցել Հայաստանին, սակայն Փաշինյանը չի պատասխանել։ Նա արագ նստել է մեքենան ու հեռացել։
Վերջին անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է արել հունվարի 31–ին, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։