Կողոպուտի դեպքով կալանավորված ՔՊ–ականի անունը Գյումրու ավագանու անդամների ցանկից չի հանվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ներկայացուցիչները խուսափում են գնահատական հնչեցնելուց` նշելով, որ այս կարգի հարցերը լուծվում են քաղաքական ղեկավարության մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանի մասով որոշում դեռ չի կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
Հայտնել ենք, որ Գյումրիում փետրվարի 3–ին զբոսաշրջիկներին կողոպտելու դեպքով 2 ամսով կալանավորվել են Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ։

«Այս պահի դրությամբ ինքը մնում է որպես ավագանու անդամ՝ որոշում չկա այս մասով։ Ըստ ընթացակարգի` անհրաժեշտ է քաղաքական ղեկավարության որոշումը. տեղական մակարդակի որոշում չէ սա»,-նշեց Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշում կարող է կայացվել ցանկացած պահի:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Դահլիճում ավագանու մյուս անդամների անունների շարքում նաև Աղասի Մաթևոսյանի անունն էր:
Աղասի Մաթևոսյանի անունը Գյումրու ավագանու նիստերի դահլիճում
ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ նախաքննության փուլում վաղաժամ գնահատական հնչեցնել չի ուզում, քանի որ հարցն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։
«Ստեղծված իրավիճակի շուրջ, և, առհասարակ, մոտեցումս մեկն է՝ օրենքի առաջ բոլորն են հավասար`անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից, և սա հստակ դիրքորոշում է, որը որդեգրել է մեր կուսակցությունը»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։
Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո:
Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։
Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեկան օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նշենք, որ Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է։