Կիևը սադրանք է պատրաստում ՌԴ-ին Չեռնոբիլի տարածքները վարակելու մեջ մեղադրելու համար

Չեռնոբիլի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Շտաբում նշել են, որ Կիևի սադրանքը կոչված է ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ուկրաինան ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ լայնածավալ սադրանք է պատրաստում ՌԴ-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի մերձակա տարածքի ռադիոակտիվ աղտոտման մեջ մեղադրելու համար։ Տեղեկությունը նշված է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի հայտարարության մեջ։
«Կիևի ռեժիմն ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աջակցությամբ ավարտում է զանգվածային տեղեկատվական սադրանքի նախապատրաստումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 11-րդ արտահերթ հատուկ նստաշրջանի (փետրվարի 22-ին) աշխատանքը սկսելուց առաջ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելու համար հատուկ ռազմական գործողության անցկացման ընթացքում միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի պարտավորությունների իբր կոպիտ խախտման մեջ», - նշվում է հայտարարության մեջ:
Այդ նպատակով Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նախատեսում են միջազգային հանրությանը ներկայացնել որոշ «ծանրակշիռ ապացույցներ», որոնք, իբր, հաստատում են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ռուս զինծառայողների գործողությունների արդյունքում 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին «Ուկրաինայի զգալի տարածքների ռադիոակտիվ վարակում» է տեղի ունեցել։
Հայտարարության համաձայն՝ ռադիոակտիվ աղտոտման թեմայի շուրջ Կիևի սադրանքը կոչված է մասնավորապես ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք չեն պաշտպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը 2022 թվականի փետրվարի 25-ին հայտնել է, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Ուկրաինայի ԱԷԿ-ի անվտանգության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաբլոկների ու Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագի անվտանգության համատեղ ապահովման մասին:
ՄԱԳԱՏԷ-ն մարտի 31-ին հայտնել էր, որ ռուսական ուժերը Չեռնոբիլի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցել են ուկրաինական անձնակազմին։ Ապրիլի 1-ին գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ ՌԴ ներկայացուցիչները Կալինինգրադում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են այդ տեղեկությունը։