ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Իրանը նախատեսում է մինչև 2031 թվականը 50 տոկոսով ավելացնել գազի արդյունահանումը։ Այս հայտարարությունն արել է Իրանի նավթի փոխնախարար և ազգային նավթային ընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջասթե–Մեհրը։
«Ընկերությունն առաջիկա 8 տարում նախատեսում է գազի արդյունահանման ծավալը օրական մոտ 1 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 1,5 միլիարդի», - նրա խոսքը մեջբերում է իրանական «Mehr» գործակալությունը:
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ այդ նախագիծը մոտ 70 մլրդ դոլարի ներդրում կպահանջի։
Փոխնախարարը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է նաև երկրի կենտրոնական շրջաններում գազի արդյունահանման ծավալը հասցնել 142 մլն խմ-ի և 3,6 մլն դոլար ներդնել բնական գազի 13 հանքավայրերում: