ՌԱԴԻՈ

Հնարավո՞ր է 400 մլն դոլարի ադամանդ մշակել. ԱԺ–ն ստուգում է Քերոբյանի ասածի իսկությունը

Ըստ որոշ ադամանդագործների` ՀՀ մեկ–երկու ընկերություններ մշակված ադամանդը հումքի անվան տակ առանց մաքսազերծման ներմուծում են Հայաստան և արտահանում։
Sputnik
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում աշխատանքներ են տարվում` պարզելու` հնարավո՞ր է արդյոք Հայաստանում 400 մլն դոլարին համարժեք ադամանդ մշակել, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, թե Հայաստանից 2022 թվականին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ 77.7 տոկոսով ավել է:
Նախարարը նշել է, որ 2023–ի համար պլանավորում են էլ ավելի բարձր ցուցանիշներ։
Մասնագետների հետ հանդիպման ժամանակ պատգամավորին որոշ ադամանդագործներ իրենց անհանգստությունն են հայտնել և վստահեցրել, որ Հայաստանում հնարավոր չէ այդ քանակությամբ ադամանդ մշակել և հանել շուկա, քանի որ դա բարդ և աշխատատար գործընթաց է հատկապես մինչև 0.3 կարատ քար մշակելու պարագայում։ Ըստ Աղազարյանի` հավանական է, որ խոսքն այս դեպքում 400 մլն դոլարին համարժեք տարբեր չափերի ադամանդների արտահանման մասին է։
«Ես առիթ եմ ունեցել երկու կողմի մասնագետներին էլ լսելու։ Եվ լսել եմ նաև հակառակ տեսակետը։ Ինքս չունեմ վերջնական գնահատական, թե որքանով է այս կամ այն կողմը ճիշտ, և հիմա գտնվում ենք այդ խնդիրները պարզելու գործընթացի մեջ, որը, կարծում եմ, կավարտվի 20 օրվա ընթացքում»,–ասաց Աղազարյանը։
Հակառակ տեսակետ ունեցող ընկերություններից, որոնք զբաղվում են արտահանմամբ, Աղազարյանին հայտնել են, որ ունեն շուրջ 200 աշխատող, և նման ցուցանիշ ստացվել է մեծ աշխատանքի արդյունքում, սակայն անգամ նման հավաստիացումներին հակադրվել են այլ ադամանդագործներ։
«Ասում են, որ եթե նույնիսկ 20 հազար աշխատող լինի, ապա հնարավոր չէ այդքան ադամանդ տաշել։ Միգուցե նրանք, ովքեր տաշում են, ինչ-որ գերժամանակակից տեխնոլոգիաներ են ստեղծել, որով հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Պետք է չշտապել և ունենալ առարկայական պատասխաններ»,–նշեց պատգամավորը։
ԵԱՏՄ պահանջներին համապատասխան. ՀՀ ադամանդագործության ոլորտում տուգանքներն ավելանում են
Աղազարյանին ևս անհանգստացնում է որոշ մասնագետների կողմից բարձրացված մտահոգությունը` պատրաստի ադամանդը Հայաստան այլ երկրից առանց մաքսազերծման Հայաստան ներմուծելու և դա վերավաճառելու վերաբերյալ։ Եվ որպես պատգամավոր նա նպատակադրվել է առաջին հերթին պարզել նման մտահոգությունների հիմքերը։
Նշենք, որ Հայաստան պատրաստի ադամանդի ներկրման համար սահմանված է 10 տոկոս մաքսատուրք։ Ըստ որոշ ադամանդագործների` ՀՀ մեկ–երկու ընկերություններ մշակված ադամանդը հումքի անվան տակ առանց մաքսազերծման ներմուծում են Հայաստան և արտահանում։
Ի դեպ, Աղազարյանը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է` վերանայվի 10 տոկոս մաքսատուրք գանձելու կարգը։