ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Իրանը կարող է պատասխանել Սպահանի ՊՆ օբյեկտի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, ինչը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության աճին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«ԱԹՍ–ներով հարվածները, ինչպես նաև հունվարի վերջին Իրանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում դիվերսիաները, ամենայն հավանականությամբ, կհրահրեն, որպեսզի Իրանը պատասխան գործողություններ անի։ Սա էլ կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»,– ասել է Սիդորովը։
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել։ Wall Street Journal թերթն էլ գրել էր, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։
Իրանական ԶԼՄ–ներ գրել էին, որ ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։