ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ պետությունները պատրաստ են Կովկասում իրենց դաշնակցի կողքին կանգնել, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության ուժերը կներգրավվեն կովկասյան տարածաշրջանում: Այդ մասին որոշումը պետությունների ղեկավարների իրավասությունն է։
«Փորձ կա, որոշակի ծրագրեր նույնպես մշակվել են։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն աջակցել իրենց դաշնակցին՝ կովկասյան տարածաշրջանի իր եղբորը»,–նշել է Սիդորովը։
Նա նշել է, որ ԶԼՄ-ներում հաճախ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀԱՊԿ-ն իր անդամին օգնություն չի ցուցաբերում: Բայց ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում` միշտ չէ, որ ռազմական ուժերով կարելի է «ինչ-որ հիվանդության բուժման» համար վիրահատություն իրականացնել։ Երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը։
«Առավելագույնս փորձում ենք պահպանել իրավիճակը... Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան բացասական իրադարձություններ։ Ավելին, եղել են զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։ Եվ, ընդհանուր առմամբ, արձանագրվել է տարածքային կորուստ, սպառազինության և տեխնիկայի կորուստ»,–ասել է Սիդորովը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել այնտեղ առաքելություն ուղարկել: Հաջորդ օրը այնտեղ է մեկնել Սիդորովը, որից հետո նրան է միացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է, և զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին։ Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները»,–նշել է Սիդորովը։
Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնվի, և բախումները դադարեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։