Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք իսկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
«Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն» վարժանքներն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։
Նա նաև նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք միավորելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր զորքերի։