ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հալեպում որոնողափրկարարական աշխատանքներ կատարած հայ փրկարարները Հալեպի նահանգապետարանի շնորհակալագրով են պարգևատրվել, տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ հյուպատոսությունից։
Նշվում է, որ 2023թ. փետրվարի 13-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած ՀՀ միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։
Բադալյանը նշել է, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հավելենք, որ ՀՀ—ն ինչպես փրկարարներ, այնպես էլ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հալեպ։
Հայ փրկարարները Հալեպի նահանգապետարանի շնորհակալագրով են պարգևատրվել
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։