ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ–ի ընդլայնման հնարավորություն կա, բարեկամական երկրների համար բոլոր հեռանկարները կան ՀԱՊԿ–ին միանալու համար։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ասուլիսի ժամանակ։
«Կազմակերպության ընդլայնման հնարավորություն եղել է, կա և կլինի։ Բարեկամական երկրների համար, որոնք սկզբի համար կցանկանան լինել գործընկեր, դիտորդ, այնուհետև կազմակերպության անդամ, բոլոր հեռանկարները բաց են։ Դրա համար համապատասխան իրավական բազա կա, բայց առաջ չեմ ընկնի»,– ասել է Սիդորովը։
Նրա խոսքով` եթե նման որոշում լինի, և ՀԱՊԿ–ում նոր մասնակիցներ ընդգրկվեն, միացյալ շտաբը պատրաստ է նրանց ընդունել համատեղ օպերատիվ պատրաստության ընդհանուր համակարգում։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։