ԱՄՆ-ում ձերբակալվել են Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողները

Հայիթիի նախկին նախագահ Ժովենել Մոիզին. Արխիվային լուսանկար
Կասկածյալների թվում վենեսուելական ծագումով ամերիկացի գործարար կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության երեք կասկածյալների։ Այս մասին գրում է New York Times թերթը։
Պարբերականը հայտնում է, որ կասկածյալներն են վենեսուելական ծագմամբ ամերիկացի գործարար Անտոնիո Ինտրիագոն, կոլումբիական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի Արկանխել Պրետել Օրտիսը և ամերիկացի ֆինանսիստ Ուոլթեր Վայնտեմիլան:
Թերթի տվյալներով՝ Ինտրիագոն և Օրտիսը Ֆլորիդա նահանգում տեղակայված CTU Security անվտանգության ընկերության սեփականատերերն են։ Պարբերականը հայտնում է, որ այդ ընկերությունը մոտ 20 նախկին կոլումբիացի զինվորների է վարձել, որոնք օգնել են գրոհել Հայիթիի նախագահի տան վրա նրա սպանության գիշերը: Նշվում է, որ Վայնտեմիլլան 172 հազար դոլար է տրամադրել CTU Security-ին` Հայիթիում նրանց գործողությունները ֆինանսավորելու համար:
Ժովենել Մոիզը մահացու վիրավորում է ստացել 2021 թվականի հուլիսի 7-ի գիշերը իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։ Հայիթիի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 40 մարդու, այդ թվում Կոլումբիայի 18 քաղաքացու, ԱՄՆ-ի հինգ քաղաքացու և չորս ոստիկանի, նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակցի և հանցագործության ենթադրյալ կազմակերպչին բժիշկ և հոգևոր հովիվ Էմանուել Սանոնին։