ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը դեմ են արտահայտվել պաղեստինյան օկուպացված տարածքներում բնակավայրեր կառուցելու Իսրայելի կառավարության ծրագրերին: Համատեղ հայտարարությունը հրապարակվել է բրիտանական ԱԳՆ–իկայքում։
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարներս, և Միացյալ Նահանգների պետքարտուղարը խորապես մտահոգված ենք Իսրայելի կառավարության հայտարարությամբ... Մենք վճռականորեն դեմ ենք այդ միակողմանի գործողություններին», - նշված է փաստաթղթում:
Արևմուտքի 5 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կարծիքով՝ Իսրայելի այդօրինակ քաղաքականությունը կարող է միայն հակամարտության էսկալացիայի հանգեցնել և կխաթարի երկու պետությունների համակեցության սկզբունքի հիման վրա դրա կարգավորմանն ուղղված ջանքերը:
Պաշտոնյաները նաև հայտարարել են, որ աջակցում են բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ որոշել է 9 ֆորպոստի հետադարձ օրինականացման գործընթաց սկսել և հրեա վերաբնակիչների համար 10 հազար միավոր բնակարան կառուցել այն տարածքներում, որոնք համաշխարհային հանրության մեծ մասը օկուպացված պաղեստինյան հողեր է համարում: