Ոստիկանությունում «Համմերի» դեպքով ծառայողական քննություն է նշանակվել

«Համմեր» մակնիշի ավտոմեքենան
Երևանում լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» դեպքով նախաձեռնված քրգործով նախաքննություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունում «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Նշենք, որ սոցցանցերում քննարկվում էին իրավապահների գործողությունները` հարցադրումներ հնչեցնելով, թե որքանով է նպատակահարմար եղել կրակել մեքենայի ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել են «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
«Համմերի» վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։