ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայում փլատակներից դուրս բերված մի քանի ամսական Վարդանի և նրա մոր` Յասմինի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Մենք այս ընթացքում լսում ենք այնպիսի անձանց մասին, որոնք փրկվում են, սակայն հիվանդանոցում մահանում են։ Այսքան երկար ժամանակ մայրն ու երեխան փլատակներում էին, և նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Նրանց վիճակն այդքան էլ լավ չէ»,– նշեց Էստուկյանը։
Նրա խոսքով` ներկայում Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներից 10 մարդ է մահացել և նրանց արդեն հուղարկավորել են։
Հիշեցնենք, որ Թուրքիայում շվեյցարացի փրկարարները երեկ փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին և նրա մորը` Յասմինին։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Նույն երկրաշարժը ավերածություններ է գործել նաև Սիրիայում։