Մարգարայի կամրջի վիճակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի ստուգել

Մարգարայի կամրջի նորոգման աշխատանքներ. Արխիվային լուսանկար
ՀՀ Արմավիրի մարզի սահմանային կամրջով փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի կամրջի վրա ուսումնասիրություններ չի իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում հայ-թուրքական աշխատանքային խմբերի հանդիպումից հետո սահմանից ոչ հեռու Մարգարայի կամրջից նմուշներ են վերցվել։
«Հայտնում ենք, որ Մարգարայի կամրջի ուսումնասիրություններ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից չեն իրականացվել, և կամրջի առկա վիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ Մարգարայի կամրջով հատել են սահմանը դեպի Թուրքիա և ուղևորվել երկրաշարժից տուժած շրջան։ Մինչ այդ Հայաստանից Թուրքիա է ուղարկվել 27 փրկարար` որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Օդային սահմանը բացվել է 1995 թվականին, ցամաքային ճանապարհի բացման վերաբերյալ բանակցություններ են տարվում։