Լաչինի միջանցքի փակ լինելը խոչընդոտ չէ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար. ՔՊ պատգամավոր

Սարգիս Խանդանյան. Արխիվային լուսանկար
Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ ռուսական կողմն ինքն է ավելի վաղ հայտարարել, որ պատրաստվում է հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարների մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի փակ լինելը չի կարող ՀՀ–ի համար խոչընդոտ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը նման նախապայման չունի»,– նշեց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական կողմն ինքն է ավելի վաղ հայտարարել, որ պատրաստվում է հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարների մակարդակով։
Հարցին, թե կմասնակցի՞ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այդ հանդիպմանը, Սարգիս Խանդանյանը ասաց, որ դա կախված կլինի իրավիճակից։
Նշենք, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախարարների նոր հանդիպումը մշակման փուլում է:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։